ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թումանյանի մահվան 100-ամյակը

Թումանյանի մահվան 100-ամյակը
27.03.2023 | 20:19

Մոսկվա: Օստրոումովյան հիվանդանոց:

ՄԱՐՏԻ 4

Առավոտյան իրեն ավելի թույլ էր զգում: Բեռլին գնալու ցանկությունը չէր լքում նրան:

Երեկոյան Մոսկվայի նկարիչներից մեկը` Հովակիմ Միհաջանյանը եկավ, հետն էլ իր նկարներից մի քանիսը բերեց:

Հայրիկը շատ հավանեց և ասաց. «Ափսոս, ուշ եմ հանդիպում իմ նկարչին, ինչքա͂ն բան կարող էինք միասին անել, ափսոս: Եթե Բեռլինում առողջացա, վերադարձիս կտեսնվենք, կխոսենք»:

Հայրիկին դուր էին եկել Միհաջանյանի նկարների արևելյան վառ գույները: Նրա գնալուց հետո ասում էր. «Սրան կտայի իմ լեգենդներից, հեքիաթներից մի քանիսը. արևելյան լիրիկ, էկզոտիկ բաները կարող է լավ տալ»:

ՄԱՐՏԻ 5

«Ամեն մի ցավ մի խրատ է, և սա իմ վերջին խրատը կլինի: Իմ բոլոր խաթեքը խաթրից են եղել: Սրան ասում են խաթրի զոհ»:

Հայրիկի վերջին շաբաթները լցված էին հայրենի բնաշխարհի անհուն կարոտով, մանկության անդառնալի հիշողություններով:

ՄԱՐՏԻ 6

Վերջին շաբաթները բժիշկները նշանակել էին մորֆին ու պանտապոն, որ հայրիկին շատ էին դուր գալիս: Սրսկվելուց հետո ցավերը մեղմանում էին, տրամադրությունը մի կարճ ժամանակ բարձրանում էր, հանգստանում ու սկսում էր զրույցը:

«Մի քանի քառյակ գրեցի ու մնացին սևագիր , կիսատ… վեր կենամ, վեր կենամ գրեմ… Կացեք մի վեր կենամ…ու…»,-ասում էր, ուզում էր ասելիքն ավարտի, բայց խոսքը մնում էր կիսատ:

«Ա´յ, մի մոտ մարդ լինի, զրույց անող, ուրախ, հոգեշահ զրույց անող մի մարդ, մի մտերիմ, մոտ մարդ…»:

Հիվանդ ժամանակ իրեն զվարթ էր պահում, ամենքի հետ սիրալիր էր, մեղմ: Որքան էլ տանջալից, անքուն գիշեր անցկացներ` թե՛ բժիշկներին, թե՛ այցելուներին դիմավորում էր ժպիտը դեմքին: Ասում էր, խոսում, հյուրասիրում:

Առողջ և ուրախ դեմքեր էր ուզում տեսնել. սրտալի ծիծաղ, ուրախ երգ, սրտաբաց մարդ:

ՄԱՐՏԻ 7

Առավոտը թեյին ասաց.

«Սակավիկ մը, և ինձ չեք տեսնի»,- Քրիստոսի վերջին խոսքերն են իր աշակերտներին: Նույնը ես հիմա ձեզ եմ ասում, երկու գիշեր է մնացել ձեզ հետ անցկացնելու, հետո կհեռանամ ձեզնից…

Մարդ կյանքում միշտ պետք է մի բանի նվիրվի- դա է կյանքը, նվիրվի, կյանքը դրանով լցնի ու ապրի:

Երեկոյան Արեգը բերեց Ռաբինդրանատ Թագորի գիրքը` «Պարտիզպանը», որ նոր էր լույս տեսել Վիեննայում, Համլիկի թարգմանությամբ: Հայրիկը շատ ուրախացավ, հուզվեց, աչքերը լցվեցին, կարոտ հայացքով նայեց Համլիկի լուսանկարին, պենսնեն դրեց աչքերին, գիրքը վերցրեց ու սկսեց թերթել: Շատ գոհ էր, որ արդեն տպագրվել է: Գիրքը արտաքուստ շատ հավանեց: Կարդացինք առաջաբանը, այնքան էլ չհավանեց: Որոշ դիտողություններ անելուց հետո կարդացինք թարգմանություններից մի քանի հատված: Որոշ հատվածներ հավանում էր, իսկ երբեմն էլ ուղղումներ անում և դիտողություններ: Կարծիք հայտնեց, որ Համլիկը լավ լեզու ունի և դեռ կլավացնի: Ամբողջ գիշեր խոսում էր Արևելքից և Թագորից:

Է՜… է՜… էս պոեմի պես պիտի լինի մարդու կյանքը, առանց ընդհատումի, հանգիստ գնա, ջրի ափին, երկնքի տակին, արևի դիմացը` ինքդ քեզ հետ, ինքդ քո մեջ,- առանց կտրվելու գնա͂ս, ապրե͂ս... Ինչպե՞ս կլինի շերամը, եթե գործելիս նրա թելը կտրվի...

ՄԱՐՏԻ 8

Առավոտը սիրտը շատ էր թույլ. գիշերը քիչ էր քնել, հազիվ կես ժամ: «Էս մեկը Համլիկի շառերն էր նրա հաշվին գրենք. ճիշտ եք ասում, բավական լարված լսեցի, խոսեցի, շատ հոգնեցի, շատ…

Էնպես արեք, որ վաղն անպայման գնանք Բեռլին, թե չէ կվատանամ: Նստած կգնամ, սրսկումներն էլ մի կերպ կտանեմ, միայն թե գնանք Բեռլին»:

Երեկոյան տրամադրությունը ավելի վատացավ: Ասում էինք` ամեն բան հիմա լավ կլինի, Համլիկը Բեռլին է, ծախսերը կհոգան, գնալը հաջողվում է, գարունն էլ գալիս է արդեն:

« Հա´ Նունիկ ջան, ամեն բան լավ է արդեն, միայն ես եմ վատ … »:

Աչքերը շարունակ փակ էր պահում: Մեկ էլ այսպես ասաց.

- Մայրիկն ինչ-որ լավ բան էր եփել, կերա` առողջացա:

- Ի՞նչ էր, հայրիկ, ասա մենք էլ եփենք:

- Չեք կարող …

ՄԱՐՏԻ 9

Գիշերն անքուն անցկացրեց: Ինչպես հետո Աշխենը պատմեց, կանչել է նրան իր մոտ և ասել. « էս դրությամբ ո՞նց գնամ Բեռլին. Ճամփին կմեռնեմ երեխիս (Արեգի) գրկում… Չէ´ չեմ գնա … »:

Գիտեինք, որ Բեռլին գնալն այլևս իմաստ չունի:

«Էս իմ «Նեսոյի քարաբաղնիսը» դառավ- ցեխ, ռենտգեն- տարբերություն չկա. ուժեղ բաներ են, գալիս են նշանակում ու չեն էլ հետևում, թե ինչպե՞ս են անում կամ ինչպե՞ս եմ տանում … »:

ՄԱՐՏԻ 11

Լավ առավոտ էր. արև ու տաք:

«Ինչ որ տեսել ես` անցել է. ինչ որ արել ես` անցել է. դու էլ շուտով կանցնես` սա է ճշմարտությունը…

Հիմի մի բան եմ ուզում. երեխանցս հետ մի քիչ էլ ապրել, մի քիչ: Երեխաներիս հետ իսկի չապրեցի, նոր էինք տուն դառնում: Վա´յ իմ հեր, իմ հոր հետ էլ չապրեցի: Նոր էի տուն սարքվել, հերս պիտի գար տեսներ, ասում էր` հենց որ սիրտս նեղացնեն, տունս թողնելու եմ, քեզ մոտ գամ: Իմ հերը ո´չ տունս տեսավ, ո´չ էլ աշխատանքս …

Ի՞նչ հարազատ ձայներ են գալիս ականջիս` մանկուց, Լոռուց- մեր սարերի, մեր հանդերի. ի͂նչ լավ ձայներ են գալիս ականջիս…»:

Այլևս Բեռլին չէր ուզում գնալ և չէր էլ կարող: Շատ թույլ էր:

ՄԱՐՏԻ 13

Առավոտյան Ս. Տեր-Գաբրիելյանն էր եկել Պապա Քալանթարյանի և Կարեն Միքայելյանի հետ: Հայրիկը երկար խոսեց իր հիվանդությունից…

ՄԱՐՏԻ 14

Հիվանդության օրերին հաճախ էր հիշում Աբասթումանը, Աբասթումանի անտառները և մեծ ցանկություն ուներ ամառն այնտեղ անցկացնելու.

«Ա՜խ, երանի´ էս ամառ Աբասթումանի անտառներում ձեզ հետ զբոսնեմ, ի͂նչ լավ կլինի … »:

ՄԱՐՏԻ 15

Շատ թույլ էր, հուզված, խոսում էր դժվարությամբ:

Ասացի` հայրի´կ ջան, շատ ես խոսում ու հոգնում:

«Հա´, սիրուն ջան, ճիշտ ես ասում … էլ չեմ պատմի, չեմ էլ կարող պատմել … վերջացա´վ … »:

ՄԱՐՏԻ 17

« Ինձ թվում է, վերջին ուժերս թողնում են ինձ … »:

Հանգստացնում էինք, հույս տալիս, թե կառողջանա, լավ կլինի: Ամեն առավոտ բերում էինք օրվա թերթերը` «Պրավդա», « Իզվեստիա», ինչպես նաև Լենինի առողջության բյուլետենը: Հայրիկը հետաքրքրվում էր Լենինի վիճակով, հարցնում: Ասացինք, որ Լենինի համար Գերմանիայից նոր բժիշկներ են եկել, նրանց կհրավիրենք, քեզ կօգնեն, կբժշկեն:

«ՈՒ´շ է, ուշ, շա´տ ուշ է արդեն, գուցե Լենինին կարողանան օգնել, բայց ինձ համար ուշ է արդեն: Ինձ այլևս ոչ մի լավ լուր, ոչ մի լավ բան չի ուրախացնում: Վերջապես … »:

ՄԱՐՏԻ 18

«Չգիտեմ, էս երկու օրը առողջանալու հավատս խորտակվեց և երեկվանից քո աչքերի մեջ իմ քառյակի մի տողն եմ կարդում`

- Մահի ահ կա իմ սըրտում …

Դու երեկվանից մահվան վախը զգացիր … »:

Աշխենը հետո պատմեց, որ նույն օրը հայրիկի և իր միջև տեղի է ունեցել հետևյալ խոսակցությունը.

- Ա´շխեն…

- Ի՞նչ է, հայրիկ:

- Քնա՞ծ ես:

- Չէ՛:

- Չե՞ս ուզում մի քիչ զրից անենք:

- Շատ եմ ուզում,-իսկույն վեր կացա և նստեցի կողքի աթոռին:

- Մի բան հարցնեմ քեզ. ի՞նչ ես կարծում` հո՞ր կորուստն է ծանր, թե՞ որդու:

Անսպասելի հարց էր և շատ ծանր: Հայրիկը գիտեր ինչքան եմ տղայիս` Հովիկին սիրում … Հաճախ ասում էր մի քիչ լավանամ` գրենք, երեխին բերեն:

Չիմացա` ինչ ասեմ, հետո պատասխանեցի.

- Հայր էլ կա, հայր էլ, որդի էլ կա, որդի էլ…

Ասաց.

- Չէ՛, սխալվում ես. ես հորս շատ էի սիրում, շա՜տ ... Իմ աստվածային հայր... Շատ մեծ վիշտ պատճառեց նրա մահը ինձ, բայց Արտիկինն ավելի մեծ էր ...

ՄԱՐՏԻ 19

Առավոտը բժիշկ Էրիվանցովը եկավ: Մոսկվայի հայկական գաղութի և Հայաստանի օգնության կոմիտեի ներկայացուցիչներն իրենց հետ բերել էին մի ծրար ողջույնի խոսքով, առողջության բարեմաղթություններով:

Այդ օրը հայրիկի համար գնեցի կապույտ մանուշակների մի փունջ, հիվանդանոց բերի, տվի իրեն. Վերցրեց, հետո ձեռքից գցեց խորը, շատ խորը տխրությամբ: Ասես արտաքին աշխարհի, դրսի գարունը` կյանքը և ներքին աշխարհի ձմեռը` մահը, իրար դեմ հանդիման եկան…

ՄԱՐՏԻ 21

Առավոտ խնդրեց մահճակալը էնպես դնենք, որ երկինքը երևա: Մահճակալը դրինք սենյակի մեջտեղը:

Շատ անհանգիստ էր:

«Մեկ ուզում եմ մի բարձր սարի վրա լինեմ, մեկ էլ ուզում եմ մահճակալից վեր գամ»:

Թույլ էր, քիչ էր խոսում: Զարկերակը 94 էր: Անտարբեր էր բուժմանը: Դեղերը և սրսկումը չէր ուզում: «Ձեր խաթեր եմ ընդունում»,- ասում էր:

Խնդրեց, որ հիվանդանոցից մի քույր գա մեզ օգնության, որ մենակ չլինենք:

Հարցրեց ամսաթիվը.

« Վերջին գիշերն է … Մարտը չեմ վերջացնի »:

Նվարդ ԹՈՒՄԱՆՅԱՆ

«Հուշեր և զրույցներ»

Համլետ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5618

Մեկնաբանություններ